ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի կապի նախարարը հայտարարել է SpaceX-ի հետ կապերը խզելու մասին՝ Գազայում Starlink համակարգերն օգտագործելու մասին Իլոն Մասկի որոշման պատճառով:
«ՀԱՄԱՍ-ը դա (Starlink արբանյակային համակարգերը,-խմբ.) կօգտագործի ահաբեկչական գործունեության համար... Միգուցե Մասկը պատրաստ լիներ դա պայմանավորել մեր առևանգված նորածինների, որդիների, դուստրերի, տարեցների ազատ արձակմամբ: Մինչ այդ իմ գերատեսչությունը կդադարի օգտագործել Starlink-ը», - նշված է X սոցիալական ցանցում նախարարի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ամերիկացի միլիարդատեր գործարարը հայտարարել էր, որ Starlink ցանցի արբանյակային կապի ծառայությունները կտրամադրվեն Գազայի հատվածում օգնություն ցուցաբերող միջազգայնորեն ճանաչված կազմակերպություններին:
Նշենք, որ հոկտեմբերի 27–ին պաղեստինյան «Jawwal» հեռահաղորդակցական ընկերությունը հաստատել է Գազայի հատվածում կապի և ինտերնետի ծառայությունների ամբողջական անջատումը:
Ավելի վաղ «Bloomberg» գործակալությունը հայտնել էր, որ Իսրայելը բանակցություններ է վարում SpaceX ընկերության հետ պաղեստինա-իսրայելական հակամարտության ընթացքում Starlink արբանյակային կապի ծառայությունների մատուցման շուրջ:
Նշվում էր, որ Starlink-ը կարող է իսրայելական բնակավայրերը սահմանամերձ շրջաններում ապահովել ինտերնետ հասանելիությամբ այն պայմաններում, երբ Գազայի ողջ տարածքում Իսրայելը կարող է անջատել ոչ միայն բուն ցանցի, այլև հեռախոսային ծառայությունների հասանելիությունը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահության նախարարության, գերազանցել է 7,3 հազարը, վիրավորում է ստացել ավելի քան 18 հազար մարդ:
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։