Իսրայելը հետ է կանչում իր դիվանագետներին Թուրքիայից

Թուրքիայի նախագահը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ահաբեկչական կազմակերպություն չի համարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը Պաղեստինին պաշտպանող Թուրքիայի հայտարարություններից հետո հետ է կանչում այնտեղից իր դիվանագիտական ներկայացուցիչներին` հարաբերությունները վերագնահատելու համար: Տեղեկությունը հայտնում է իսրայելական Haaretz թերթը։
Հայտնել ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ստամբուլում Պաղեստինին սատարող բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ հայտարարել է` արևմտյան երկրները կրում են «Գազայի կոտորածի» ամբողջ պատասխանատվությունը: Նա անվանել է Իսրայելին «օկուպանտ» և ասել է, որ Թուրքիան մտադիր է Իսրայելին «ռազմական հանցագործ» հայտարարել և այդ մասին հայտնել միջազգային հանրությանը: Թուրքիայի նախագահը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ահաբեկչական կազմակերպություն չի համարում։

«Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոենը կարգադրել է, որ Իսրայելի բոլոր դիվանագիտական ներկայացուցիչները վերադառնան Թուրքիայից կտրուկ հայտարարությունների (Թուրքիայի նախագահի,-խմբ.) պատճառով», - նշում է պարբերականը։

Նախարարը հայտնել է, որ այդ քայլն արվել է «իսրայելա-թուրքական հարաբերությունների վերագնահատման համար»:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահության նախարարության, գերազանցել է 7,3 հազարը, վիրավորում է ստացել ավելի քան 18 հազար մարդ:
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։