«Գազայի ոչնչացումը կարող է դարի աղետը դառնալ». Լավրովն Իսրայելին կոչ է արել կանգ առնել

Մոսկվան համոզված է, որ Գազայի հատվածում պետք է շրջափակման մեջ գտնվող բնակչությանը փրկելու մարդասիրական ծրագրեր հայտարարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի կողմից հայտարարված ՀԱՄԱՍ-ի ոչնչացման ծրագիրն անհնար է իրականացնել առանց Գազայի և խաղաղ բնակչության մեծամասնության ոչնչացման։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Բացարձակապես անընդունելի ահաբեկչական հարձակում է իրականացվել Իսրայելի վրա։ Իսրայելը, ոչ ամբողջությամբ առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով, հրապարակավ հայտարարեց, որ իր պատասխանը կլինի անողոք և կոչնչացնի ՀԱՄԱՍ-ին, իսկ ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը, առանց խաղաղ բնակչության մեծամասնությանը գազանաբար ոչնչացնելու, անհնար է», - ասել է նախարարը ԲԵԼՏԱ գործակալությանը տված հարցազրույցում:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պահպանում է կապը Իսրայելի հետ, նրան ազդանշաններ է ուղարկում Գազայում խաղաղ լուծում փնտրելու անհրաժեշտության մասին, ոչ թե այրված հողի ռազմավարությունն ավարտին հասցնելու:
Նա ընդգծել է, որ եթե Գազան ոչնչացնեն և դրանից վռնդեն երկու միլիոն բնակիչների, դա աղետ կստեղծի երկար տասնամյակների կամ նույնիսկ դարերի համար:
«Պետք է կանգ առնել, պետք է հումանիտար ծրագրեր հայտարարել շրջափակման մեջ հայտնված բնակչությանը փրկելու համար. ո՛չ ջուր, ո՛չ էլեկտրականություն, ո՛չ պարենամթերք. դրանցից ոչ մեկը չկա», - ասել է Լավրովը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահության նախարարության, գերազանցել է 7,3 հազարը, վիրավորում է ստացել ավելի քան 18 հազար մարդ:
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։