Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստվում է Իսրայելին ռազմական հանցագործ հայտարարել

Էրդողանը ելույթ է ունեցել Պաղեստինին սատարող հանրահավաքի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է Իսրայելին ռազմական հանցագործ հայտարարել:
Հայտնել ենք, որ այսօր ավելի վաղ Էրդողանը Իսրայելին կոչ է արել անհապաղ դուրս գալ խելացնոր վիճակից և դադարեցնել հարձակումները Գազայի վրա։ Նա այսօր բոլորին հրավիրել էր Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան՝ մեծ հանրահավաքի` ի համերաշխություն պաղեստինցի ժողովրդի։

«Իսրայե՛լ, ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ: Ինչպե՞ս հասաք այստեղ: Դուք օկուպանտ եք: Դու խմբավորում ես, ոչ թե պետություն։ Արևմուտքը ձեզ պարտք է, Բայց Թուրքիան ձեզ պարտք չէ»,–ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում Պաղեստինին սատարող հանրահավաքի ժամանակ։

Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահության նախարարության, գերազանցել է 7,3 հազարը, վիրավորում է ստացել ավելի քան 18 հազար մարդ:
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։