Բեռլին–Երևան–Բեռլին ուղիղ չվերթեր կիրականացվեն մայիսի վերջից

Թռիչքներն արդեն կարելի է ամրագրել մայիսի 31-ի և դրան հաջորդող օրերի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Eurowings գերմանական լոուքոստերը թռիչքներ է պատրաստվում իրականացնել Բեռլին–Երևան–Բեռլին ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։
Չվերթերը մեկնարկելու են 2024թ. մայիսի վերջից։
«Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, պրոֆեսոր, դոկտոր Մարտին Պեցոլդի և Միքայել Մինասյանի (Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա) հետ միասին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը վերջին մի քանի ամսվա ընթացքում բազմաթիվ քննարկումներ է ունեցել Eurowings-ի հետ։ Աշխատանքներ են տարվել, որպեսզի այս թռիչքային ուղին ներառվի ամառային չվերթերի ցանկում: Ուրախ ենք հայտնել, որ քննարկումների արդյունքը դրական է»,– ասված է հաղորդագրությունում:
Դեսպանությունը նշում է, որ ուղիղ չվերթերը կամրապնդեն Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական և սոցիալական կապերը։
Այսօրվանից թռիչքներ արդեն կարելի է ամրագրել 2024թ. մայիսի 31-ի և հետագա օրերի համար։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսի 29-ից էլ Eurowings–ը ուղիղ չվերթեր է սկսել իրականացնել Դյուսելդորֆ–Երևան–Դյուսելդորֆ ուղղությամբ։