ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Արվեստը պետք է մաքուր լինի ու հեռու քաղաքականությունից, իսկ այսօր աշխարհը ուշադրություն է դարձնում ոչ թե արվեստագետի տաղանդին, այլ նրան, թե որտեղ է ծնվել, ինչը մեծ սխալ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց մեքսիկացի աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Ռամոն Վարգասը։
Գաղտնիք չէ, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության ֆոնին տուժում են նաև ռուս արվեստագետները։
Ռամոն Վարգասը Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում աշխատել է ռուս օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի հետ, որն անգամ իր դիրքորոշումը չհայտնելու պարագայում հեռացվել է աշխատանքից, նրա հետ խզել են պայմանագիրն ու չեղարկել բոլոր համերգները։
Վարգասի խոսքով` ԱՄՆ-ի կողմից նման քայլն էքստրեմալ միջոց էր։
«Մշակույթը ոչ մի կապ չպետք է ունենա քաղաքականության հետ։ Իմ կարծիքով` եթե այս աշխարհում մաքրություն գոյություն ունի, ապա դա միայն արվեստում է։ Արվեստի, մշակույթի ուժը մարդկանց միավորելու, նրանց հոգիներին համերաշխություն ու ներդաշնակություն բերելու մեջ է, ու չի կարելի քաղաքականությունը մտցնել դրա մեջ»,- ասաց նա։
Աշխարհահռչակ տենորը կատարել և մեծ հաճույքով շարունակում է կատարել ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից մի հատված։
«Միշտ կատարելով նրա երաժշտությունը` ասում եմ, որ Չայկովսկին հանճար էր, և մենք այնքան բան ունենք սովորելու նրա երաժշտությունից։ Պատկերացրեք` եթե հաշվի առնեին ոչ թե մեծն երաժիշտների, կոմպոզիտորների տաղանդը, այլ այն, թե նրանք որտեղ են ծնվել, ինչ վիճակում կլիներ այսօր մշակույթը»,- ասաց նա։
Վարգասը, ի նշան ռուս արվեստագետների հետ համերաշխության, Sputnik Արմենիայի տաղավարում կատարեց Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից «Куда вы удалились» հատվածը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 25-ին Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Ռամոն Վարգասի առաջին մենահամերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Արմատներով մեքսիկացի Ռամոն Վարգասն այսօր աշխարհի առաջատար օպերային երգիչներից է: 1992թ.-ին Մետրոպոլիտեն օպերայում Լուչիանո Պավարոտիին «Լյուչիա դի Լամերմուր» օպերայում փոխարինելուց հետո նա դարձավ աշխարհի գլխավոր թատրոնների ցանկալի հյուրը: Դրան հաջորդեց նրան դեբյուտը Լա Սկալայում։ Նա այժմ մշտապես ելույթներ է ունենում Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնում, Լոնդոնի Թագավորական թատրոնում, Լա Սկալայում, Մետրոպոլիտենում, Մադրիդի թագավորական թատրոնում և այլուր:
Վարգասը` որպես Իտալիայի 1993թ.-ի համերգաշրջանի լավագույն երգիչ, արժանացել է «Լաուրի Վոլպիի» մրցանակին (Lauri Volpi Award)։ 1995 թվականին Իտալիայի քննադատները միաձայն նրան շնորհել են արվեստի բնագավառում «Ջինո Տանիի» մրցանակը (Gino Tani Award)։ 2000-ին «British Opera Now»-ն Վարգասին հայտարարել է «Տարվա արտիստ»։ 2021-ին ավստրիական «Festspiele» ամսագիրը երգչին դասել է աշխարհի լավագույն տենորների շարքը։ 2001 թվականին գերմանական «Phono Academy»-ի կողմից նա ստացել է «ECHO Klassik»-ի մրցանակը որպես «Տարվա երգիչ»։ 2005-ին արժանացել է Պուչչինիի մրցանակին, 2018-ին` «Opera News Award», 2020 թվականին Մեքսիկայում` «Ortiz Tirado Award» մրցանակին: