Արևմուտքի և արաբական երկրների դաշնակիցներն Իսրայելին հաղթանակ են մաղթում. Նեթանյահու

Իսրայելի վարչապետը հեռուստաուղերձ է հղել իսրայելական ժողովրդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է միջազգային լայն աջակցության մասին և նշել, որ արևմտյան և արաբական երկրների դաշնակիցները հասկանում են ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի նպատակները և հաղթանակ են մաղթում Իսրայելին:
«Մենք ստացել ենք լայն միջազգային աջակցություն։ Արևմտյան երկրներում մեր դաշնակիցները և արաբական երկրներում մեր հարևանները հասկանում են այս պատերազմի նպատակները և մեզ հաղթանակ են մաղթում։ Նրանք հասկանում են, որ եթե մենք չհաղթենք այս պատերազմում, ապա իրենք հերթում են», - ասել է Իսրայելի վարչապետը ազգին ուղղված հեռուստաուղերձում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահության նախարարության, գերազանցել է 7,3 հազարը, վիրավորում է ստացել ավելի քան 18 հազար մարդ:
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։