1973 թվականին Երևանի «Արարատը» նախկին ԽՍՀՄ առաջնությունում հասավ մի հաջողության, որը հայկական ֆուտբոլում աննախադեպ էր և մինչև հիմա էլ անկրկնելի է մնացել։ Հայաստանի դրոշակակիր թիմը նվաճեց նախկին ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը և դարձավ գավաթակիր։
Հայաստանում երբեք չեն մոռանում յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 10-ին նշել, խոսել ու գրել նախկին ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի խաղարկությունում «Արարատի» հիասքանչ հաղթանակի մասին։ Մեր թիմն իր կամային ֆանտաստիկ որակների, նվիրվածության ու հաղթանակի հասնելու մեծ ցանկության շնորհիվ կարողացավ հաղթել նախկին խորհրդային ֆուտբոլային հեգեմոններից մեկին՝ Կիևի «Դինամոյին»։ Բայց այդ հաղթանակից ընդամենը 18 օր անց` հոկտեմբերի 28–ին, «Արարատը» կերտեց ևս մեկ հաղթանակ, որը միակն է մեր թիմի համար նախկին ԽՍՀՄ առաջնություններում՝ նվաճեց չեմպիոնի կոչումը։
Այս նվաճման մասին այնքան էլ շատ չեն հիշում` չնայած Նիկիտա Սիմոնյանի թիմը իրոք պատմություն կերտեց` դառնալով նախկին ԽՍՀՄ-ում ամբողջ պատմության մեջ 5-րդ թիմը, որը դուբլ է ձևակերպում` նվաճելով գավաթն ու դառնալով չեմպիոն։
1973 թվականի այս օրն «Արարատն» առաջնության վերջին խաղում ընդունել էր Լենինգրադի «Զենիթին», ու հենց այդ խաղից հետո 70 հազարանոց «Հրազդանն» ու հայկական թիմի երկրպագուների ամբողջ բանակը տոնեց աննկարագրելի հաղթանակը։ Այդ խաղի հերոսն Էդուարդ Մարգարովն էր, որը դարձավ երկու գոլի և հաղթական գնդակի հեղինակը։
«Ես հիշում եմ, որ մենք խաղին շատ բարձր տրամադրությամբ էինք գնում ու մտածում էինք միայն հաղթանակի մասին։ Մեզ համար առաջնայինը մեր ժողովրդին ուրախացնելու ցանկությունն էր, իսկ հաղթանակն այդ խաղում մեզ ապահովում էր չեմպիոնությունը», - մեզ հետ զրույցում հիշեց Էդուարդ Մարգարովը։
Նույն օրը՝ հոկտեմբերի 28-ի, չեմպիոնական մրցավազքում «Արարատի» հիմնական մրցակիցը՝ Կիևի «Դինամոն», Ալմա Աթայում 11 մետրանոց հարվածներով պարտվեց տեղի «Կայրաթին», այսինքն` նույնիսկ ոչ-ոքի արդյունքի դեպքում «Արարատը» չեմպիոն էր դառնում։ Հետագայում խոսակցություններ տարածվեցին, որ մրցակցի խաղի արդյունքը գաղտնի էր պահվել մեր ֆուտբոլիստներից, որպեսզի խաղան միայն հաղթանակի տանելու մղումով։
«Ես չգիտեմ, թե ով է տարածել նման խոսակցությունները, բայց մենք մարդ ունեինք Ալմա Աթայում և տեղյակ էինք թե՛ խաղի ընթացքի, թե՛ վերջնական արդյունքի մասին։ Սակայն դա ոչ մի բան չէր փոխում «Զենիթի» հետ խաղում հաղթանակի հասնելու ցանկության մեջ», - հիշում է Մարգարովը։
Հետ գալով մեր հաղթական խաղին` պատմենք, որ «Հրազդան» ստադիոնում «Արարատը» «Զենիթի» հետ խաղում առաջին խաղակեսից հետո Հովհաննես Զանազանյանի գոլի շնորհիվ հաղթում էր 1։0 հաշվով։ Երկրորդ կեսում Էդուարդ Մարգարովը զարգացրեց մեր հաջողությունը, բայց «Զենիթին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Սակայն հանդիպման մեկնարկից մեկ ժամ անց Մարգարովն «Արարատի» կազմում դարձավ 3-րդ գոլի հեղինակ ու միաժամանակ չեմպիոնական հաղթանակ ապահովեց մեր թիմին։
«Անկեղծ ասած չեմ հիշում, թե ինչպես խփեցի երկու գնդակ։ Այսինքն` մանրամասները չեմ հիշում, թե ո՞վ փոխանցում կատարեց, ինչպես զարգացավ գրոհը։ Հիշում եմ միայն, որ այնքան ուրախ էի, որ չեմ էլ կարող բառերով նկարագրել։ Մի բան վստահ կարող եմ ասել` այն ժամանակ էլ, հիմա էլ ես հպարտ եմ, որ կար ու կա «Արարատը», իսկ մեր հիասքանչ թիմն արեց ամեն ինչ Հայաստան աշխարհին ժպիտ, ուրախություն ու տոն պարգևելու համար», - եզրափակեց Էդուարդ Մարգարովը։
Երևանի «Արարատից» բացի նախկին ԽՍՀՄ ֆուտբոլի մրցաշրջաններում չորս թիմի է հաջողվել մեկ մրցաշրջանում դուբլ ձևակերպել՝ հաղթել գավաթի խաղարկությունում ու նվաճել չեմպիոնական տիտղոսը։ Մոսկվայի «Դինամոյին», Մոսկվայի «Սպարտակին», Մոսկվայի ԲԿՄԱ-ին, Կիևի «Դինամոյին» և, իհարկե, «Արարատին»։