Թմրանյութեր և արգելված իրեր. ԱԹՍ–ի միջոցով փաթեթ են նետել «Արմավիր» ՔԿՀ–ի տարածք

ՔԿՀ
Փաթեթում հայտնաբերվածն ուղարկվել է քննչական բաժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տարածք դրոնի միջոցով թմրամիջոցներ են ներնետվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
Հոկտեմբերի 27-ին` ժամը 00։55-ի սահմաններում, ՔԿՀ–ի ծառայողներից մեկը զեկուցել է, որ անօդաչու թռչող սարքի, ապա ինչ–որ առարկայի վայր ընկնելու նմանվող ձայներ է լսել։
«Արդյունքում հայտնաբերել են սև փաթեթ՝ որպես կախիչ ծառայող մետաղական օղակով ամրացված: Փաթեթում հայտնաբերվել է սև պատյան, որին կցված է եղել կարմիր, կպչուն ժապավենով փաթեթ։ Պատյանի մեջ և կցված փաթեթում առկա են եղել առանձնացված զանգվածներ՝ ընդհանուր 65,63 գրամ քաշով, որոնցից 35,35 գրամը՝ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, իսկ 30,28 գրամը՝ «կրիստալ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված: Բացի այդ, պատյանում եղել են նաև 3 wi-fi սարք և ականջակալ»,– ասված է հաղորդագրությունում։
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։
«Աբովյան» ՔԿՀ–ի կալանավորը փախել է հիվանդանոցից ու հայտնաբերվել է դաշտամիջյան թաքստոցում