Քերոբյանը Լոնդոնում քննարկել է կապիտալի շուկայի հնարավորությունները

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել քննարկումները` օպտիմալ թողարկման լուծումները գտնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանյան խոշոր կազմակերպությունները հնարավոր է` արևմտյան կապիտալի շուկայում ունենան թողարկումներ ու արևմտյան շուկաներից ներդրումներ ներգրավեն։ Այս հեռանկարներն են Լոնդոնում քննարկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը HSBC բանկի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կապիտալի շուկաներ հայկական ընկերությունների մուտքի հնարավորությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները` օպտիմալ թողարկման լուծումները գտնելու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն է գործուղվել հայ-բրիտանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:
Համաժողովի ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտի ընդհանուր խնդիրներին, գործարար միջավայրին, ինչպես նաև էներգետիկ, ենթակառուցվածքային, լոգիստիկ և տեխնոլոգիական հնարավորություններին վերաբերող հարցեր: