ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը քննարկել են Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է այդ ուղղությամբ միջազգային հանրության, ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը:
ՀՀ վարչապետը ընդգծել է հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակն ու ինտենսիվ բնույթը և հավելել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումն ու ամրապնդումը, այդ թվում` մշակույթի:
«Վարչապետը նշել է, որ ֆրանսիացի նախարարի այցն ունի հագեցած օրակարգ, և համոզմունք հայտնել, որ դրա շրջանակում կնախանշվեն տարբեր նախագծեր, ու դրանք հաջողությամբ կյանքի կկոչվեն»,– ասված է հաղորդագրությունում։
Մալակն էլ նշել է, որ իր այցի նպատակն է նոր ազդակ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը մշակույթի տարբեր ճյուղերում, մասնավորապես, մշակութային ժառանգության պահպանման, երաժշտության, կինոյի և այլն:
Նախարարի խոսքով` հայ գործընկերների հետ քննարկվում են կոնկրետ ծրագրեր, որոնց ուղղությամբ առաջիկայում կիրականացվեն համապատասխան քայլեր: