ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում այսօր մեկնարկել է մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի կազմում մրցումների առաջին օրը պայքարի մեջ են մտել 5 ըմբիշներ։
72կգ քաշային Շանթ Խաչատրյանը վստահ հաղթանակ է տարել մեկնարկում՝ 8-0 հաշվով հաղթելով իտալացի մրցակցին։
1/8 եզրափակիչում Շանթը 10-0 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցչին, իսկ քառորդ եզրափակիչում` վրացի Օթար Աբուլաձեին, և դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Շանթ Խաչատրյանը կիսաեզրափակիչում կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ադամովի հետ։
97 կգ քաշային կարգում հանդես եկող Հայկ Խլոյանը նույնպես անցկացրել է երեք հաղթական գոտեմարտ։ 4։1 հաշվով նա հաղթել է վրացի մրցակցին, իսկ 1/8 եզրափակիչում 7։2 հաշվով` Ռուսաստանը ներկայացնող Արթուր Արզումանյանին։ 1/4-ում Հայկը հաղթել է ամերիկացի ըմբիշին և դուրս եկել կիսաեզրափակիչ։
82կգ քաշային Կարեն Խաչատրյանն էլ երկու հաղթանակից հետո քառորդ եզրափակիչում զիջել է թուրք Ալպերեն Բերբերին։ Եթե թուրք մարզիկը հասնի եզրափակիչ, ապա Կարեն Խաչատրյանը կստանա սփոփիչ գոտեմարտի միջոցով բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք։Ս
60կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, որը մինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնն է, 1/8 եզրափակիչում 8։5 հաշվով պարտության է մատնել ճապոնացի Կոսեի Տակեսհիտային։
Դրանից հետո քառորդ եզրափակիչում նա 3։4 հաշվով պարտվել է թուրք Մերտ Իլբարսին։ Աղաջանյանը նույպես շանսեր ունի պայքարելու բրոնզե մեդալի համար, եթե թուրք մարզիկը հասնի եզրափակիչ։
Առաջնությունն անհաջող ելույթով է սկսել միայն 67կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը։