ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ բակում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակ զոհված գործիչների հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ ծաղիկներ են խոնարհել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհում Հոկտեմբերի 27–ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ
«Փաշինյանը Սիմոնյանի հետ հարգանքի տուրք է մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։