ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում նախորդ շաբաթվա համեմատ սուր շնչառական վարակներով հիվանդացությունների դեպքերն աճել են 1,1 անգամ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։
Նա հավելեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սուր շնչառական վարակներով հիվանդացությունների դեպքերն աճել են 1,5 անգամ։
«Հոկտեմբերի 26-ի դրությամբ ՀՀ բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 500 բուժառու, որոնց 90 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են։ Հոսպիտալացվածներից 16-ը, որոնք 0-4 տարեկան երեխաներ են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց նա։
Խաչատրյանի խոսքով՝ հիվանդացության դեպքերի մոտ 70 տոկոսն արձանագրվում է 0-18 տարեկանների շրջանում, որոնցից գրեթե 50 տոկոսը 0-4 տարեկան երեխաներ են։
Խաչատրյանն ընդգծեց, որ շտապօգնության ընդհանուր կանչերի գրեթե 12%-ը կապված է սուր շնչառական վարակների հետ։
«Կարելի է ասել, որ բուժհաստատությունները ծանրաբեռնված են և հիվանդների ԲԿ-ներ դիմելիությունը շարունակվում է,– հավելեց նա։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը քաղաքացիներին կոչ արեց պատվաստվել սեզոնային գրիպի դեմ։ Նա վստահեցրեց, որ հանրապետությունում կա բավարար քանակությամբ պատվաստանյութ, սակայն առաջնահերթությունը տրվում է ռիսկային խմբերին` երեխաներին, հղիներին, տարեցներին, խրոնիկ հիվանդություններ ունեցողներին և բուժաշխատողներին։
Նա նշեց, որ ավելի քան 20 հազար մարդ արդեն պատվաստվել է, և հիշեցրեց` պատվաստումն անվճար է բոլորի համար, այդ թվում՝ օտարերկրացիների։