ՀՖՖ նախագահի ընտրությունը կարող է անկանխատեսելի ընթացք ստանալ. ինչ անուններ են շրջանառվում

«Ժողովուրդ»–ի աղբյուրները հայտնում են, որ սկզբնական քննարկումներում Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել Արմեն Մելիքբեկյանին փոխարինելու գաղափարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրությունները կարող են անկանխատեսելի ընթացք ստանալ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները։
«Մեզ փոխանցում են, որ կուլիսներում, որպես ՀՖՖ նախագահի թեկնածու, քննարկվել է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի անունը: Լուրեր կան, որ նրա լոբբինգով զբաղվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս անձի թեկնածության հետագա ճակատագրի հետ կապված հստակություն ներկա պահին չկա. զուգահեռ քննարկվում է նաեւ Աննա Հակոբյանի հիմնադրամի ղեկավար, սփյուռքի կոմիտեի նախկին ղեկավար Մխիթար Հայրապետյանի անունը, որի թեկնածությունն այս պահին կարծես ավելի հավանական է»,–գրում է թերթը։
Նշվում է, որ իշխանական կուլիսներում տևական ժամանակ է, ինչ հասունանում է դժգոհություն ՀՖՖ գործող ղեկավարությունից. պատճառներից մեկը հայկական ֆուտբոլի ողբալի վիճակն է, տարբեր տարիքային հավաքականների խայտառակ պարտություններն ու ազգային թիմի, մեղմ ասած, ոչ ստաբիլ խաղը։
Սխալվել ենք բոլորս. ՀՖՖ նախագահն ամփոփել է հավաքականի խաղերի արդյունքները
«Մեր աղբյուրները հայտնում են, որ եթե սկզբնական քննարկումներում Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել Արմեն Մելիքբեկյանին փոխարինելու գաղափարին, ապա այժմ հրահանգել է սպասել, մինչեւ տեսնեն՝ հավաքականն ինչպես կավարտի «Եվրո 2024»-ի նախընտրական վերջին երկու խաղերը Ուելսի ու Խորվաթիայի հավաքականների դեմ»,–գրում է «Ժողովուրդը»։
Հավելենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերին։
Հավաքականը նոր տեխնիկական տնօրեն կունենա. ՀՖՖ նախագահը խոսեց հաջողությունների մասին