ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը համաձայն չէ այն գնահատականի հետ, թե Հայաստանը Ռուսաստանի հետ ավելի է սրում իր հարաբերությունները։ Այս մասին նա ասել է News.am –ի հետ զրույցում։
«Նորմալ աշխատանքային գործընթաց է, գործընկերները միմյանց հարցեր ունեն, դիվանագետների միջոցով պարզաբանում ենք այդ հարցերը»,– ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ՌԴ ռազմաբազայի մասին չի հուշում, որ Հայաստանը փոխում է արտաքին վեկտորը, փոխնախարարը ասաց։
«Ո՛չ, չի հուշում»։
Հարցին` արդյոք Հայաստանը համաձայնել է Ռուսաստանի առաջարկին` Մոսկվայում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը, ՀՀ փոխարտգործնախարարը պատասխանեց.
«Եթե Հայաստանը համաձայնություն տա, դրա մասին, բնականաբար կտեղեկանաք»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է` քաղաքական կամքի առկայության դեպքում Մոսկվան պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին։
Նա նշել էր, որ հեռանկարային կարող է լինել լիարժեք եռակողմ գագաթնաժողովը։