Գազայում մարդասիրական օգնության մատակարարման համակարգը կոլապսի է բախվել. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը. Արխիվային լուսանկար
Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նշել է, որ մինչև ռազմական գործողությունների սկսվելը օրական մոտ 500 բեռնատար էր անցնում Գազա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Գազայի հատվածում մարդասիրական օգնության մատակարարման համակարգը լիակատար փլուզվել է` ավելի քան 2 միլիոն մարդու համար աներևակայելի հետևանքներով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարության մեջ։
Նրա խոսքով` մինչև ռազմական գործողությունների սկսվելը օրական մոտ 500 բեռնատար էր անցնում Գազա: Վերջին օրերին օրական միջինը 12 բեռնատար է մուտք գործել:
«Բացի այդ, ստացված օգնությունը չի ներառում վառելիք, որն անհրաժեշտ է նաև հիվանդանոցների էլեկտրամատակարարման, սննդի արտադրության և օգնության բաշխման համար:
Հաշվի առնելով հուսահատ և դրամատիկ իրավիճակը` ՄԱԿ-ը չի կարողանա շարունակել աշխատանքը Գազայի հատվածի ներսում առանց օգնության ստացման կարգի անհապաղ և հիմնարար փոփոխության»-նշել է գլխավոր քարտուղարը։
Գուտերեշը կրկին մարդասիրական հրադադարի, բոլոր պատանդների անվերապահ ազատ արձակման և անհրաժեշտ ծավալով կենսական բեռների առաքման կոչ է արել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։
Գազայում Իսրայելի ցամաքային օպերացիան հետզհետե ավելի քիչ հավանական է դառնում. ԶԼՄ