ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբեր – Sputnik. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն այսօր Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը։
Ամենայն հայոց կաթողիկոսը մտահոգությամբ անդրադարձ է կատարել Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությանը և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին։
Նա կարևորել է միջազգային հանրության հստակ ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը՝ սանձելու Ադրբեջանի զավթողական անզուսպ ձգտումները։
«Հայոց հայրապետն ի դեմս նախարարի՝ իր գնահատանքը և շնորհակալությունը հայտնեց Հունգարիայի կառավարությանը 2021թ. հինգ հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնեական համայնքներին, Հայ եկեղեցուն և այս դժվարին օրերին Հայաստանին ու հայրենազրկված արցախահայությանը ցուցաբերած աջակցության և զորակցության համար»,– ասված է հաղորդագրությունում։
Իր խոսքում Հայոց հովվապետն անդրադարձել է նաև գերիների վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։
Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարն ընդգծել է, որ Հունգարիան պատրաստ է տարբեր ծրագրեր իրականացնել տեղահանված արցախցիներին աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև հետևողական քայլեր ձեռնարկել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։
Հանդիպմանը ներկա էին նաև Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Աննա Մարիա Շիկոն և Հունգարիայի «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» պետքարտուղար Տրիստան Ազբեյը։