ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հաջորդ տարվանից միանալու է GB News հեռուստաալիքին որպես հաղորդավար և հեղինակային քաղաքական ծրագրի վերլուծաբան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուրախ եմ հայտնել, որ շուտով կմիանամ ձեզ GB News–ի եթերում։ Այդ հիանալի նոր հեռուստաալիքում ես կներկայացնեմ ամեն ինչի վերաբերյալ իմ տեսակետներն առանց չափազանցնելու. կխոսեմ դժվարություններից մինչև հսկայական հնարավորությունների մասին, որոնք բացվում են մեր առաջ», – հայտարարել է Ջոնսոնը հեռուստաալիքի հեռարձակած տեսաուղերձում։
Հեռուստաալիքը նշում է, որ հաջորդ տարվանից նախկին վարչապետը կստեղծի և կներկայացնի նոր հաղորդում, որը «կցուցադրի Բրիտանիայի ուժն ամբողջ աշխարհում» և առանցքային դեր կխաղա ինչպես Մեծ Բրիտանիայի համընդհանուր ընտրությունների լուսաբանման, այնպես էլ ԱՄՆ–ում հաջորդ տարի կայանալիք ընտրությունների հարցում։
Սա ԶԼՄ–ում աշխատելու Ջոնսոնի առաջին փորձը չէ 2022 թվականին վարչապետի պաշտոնը լքելուց հետո։ Հունիսին հայտնի դարձավ, որ Բորիս Ջոնսոնը հերթական անգամ խախտել է նախարարների կոդեքսը` պաշտոնական թույլտվություն չստանալով Daily Mail թերթում որպես սյունակագիր աշխատելու համար։ Կանոնների համաձայն` բոլոր նախկին վարչապետները պաշտոնը թողնելուց երկու տարվա ընթացքում պարտավոր են թույլտվություն ստանալ գործնական նշանակումների խորհրդատվական կոմիտեից (Acoba) նախքան նոր պաշտոնի անցնելը։ Ջոնսոնը հանրային հայտարարությունից կես ժամ առաջ կոմիտեին չի տեղեկացրել նոր նշանակման մասին։
Միևնույն ժամանակ բրիտանական ԶԼՄ–ները նշում էին, որ Ջոնսոնը խախտել է այդ կանոնն արդեն երկրորդ անգամ` 2018 թվականին Բրիտանիայի արտգործախարարի պաշտոնը թողնելուց հետո նա Telegraph թերթում սյունակ էր վարում` նույնպես պաշտոնական թույլտվություն չստանալով։ Այդ աշխատանքի համար նա տարեկան 275 հազար ֆունտ ստերլինգ էր ստանում։