ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին զինվորական դատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեղավորներից շատերն իրենց պատիժը չեն կրել։ Նա այդ մասին ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, ուր գնացել էր Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկ խոնարհելու։
«Ինձ համար այդ գործը բացահայտված է, ամեն ինչ քրեական նյութերում է։ Հիմա գործի անջատված մասով նախաքննությունը վերսկսվել է, այն ակտիվ փուլում է։ Այսօր որևէ պետական մարմին չի խոչընդոտում նախաքննությանը, միջավայրը նպաստավոր է։ Վստահ եմ։ Սպասենք նախաքննության ավարտին»,– ասաց Ջհանգիրյանը։
Հարցին, թե այն անձինք, որոնք այսօր բանտում են, պե՞տք է այնտեղ լինեին, թե ոչ, նա պատասխանեց` չգիտի, բանտում գտնվողների քրեական գործերին ծանոթ չէ։
«Ես շատ եմ գնահատում իրավագետի, իրավաբանի իմ մասնագիտությունը, ես գուշակ չեմ։ Իմ կարծիքով` բազմաթիվ հանցագործներ կան, որոնք դեռ նստած չեն, որոնք պետք է բանտում լինեին»,– նշեց ՀՀ դատախազի նախկին տեղակալը։
Հիշեցնենք` 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։