Արցախցիների «ժամանակավոր պաշտպանության» առեղծվածը. ի՞նչ ուղերձ է հղում գործադիրի որոշումը

Արցախից բռնի տեղահանվածները Սյունիքում. Արխիվային լուսանկար
2001-ին հորինված «ժամանակավոր պաշտպանություն» եզրույթի մասին Եվրոպայում հիշեցին միայն Ուկրաինայի փախստականների ներհոսքի առիթով: Իսկ Հայաստանում այն կիրառվեց միայն Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. «Ժամանակավոր պաշտպանություն» եզրույթը, որը կառավարության որոշմամբ կիրառվեց Արցախից տեղահանվածների նկատմամբ, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի համար ոչ միայն անծանոթ է, այլև արցախահայերի պարագայում` անհասկանալի:
«Ինձ համար անհասկանալի է` ինչ ժամանակավոր պաշտպանության մասին է խոսքը, եթե անձը ՀՀ քաղաքացիություն ունի: Քաղաքացիության փաստն արդեն իսկ պարտավորեցնում է պետությանը նրան վերցնել իր պաշտպանության տակ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ղազարյանը:
Նշենք` ՀՀ կառավարության որոշմամբ Արցախից բռնի տեղահանվածները վերցվել են ժամանակավոր պաշտպանության տակ և ճանաչվել են փախստական։ Ժամանակավոր պաշտպանությունը տրվում է մեկ տարի ժամկետով՝ երկարացնելու հնարավորությամբ։
«Այս պարագայում ի՞նչ միտք ունի նրանց նման կարգավիճակ տալը և ինչո՞ւ ժամանակավոր: Գուցե՞ մինչ այն պահը, որ ովքեր քաղաքացիություն չունեն, ստանան: Ամենայն հավանականությամբ` խոսքը ինչ-ինչ սոցիալական ծրագրերի մասին է»,- ենթադրում է մեր զրուցակիցը:
Արա Ղազարյանի խոսքով` միջազգային իրավունքում շատ ավելի լայնորեն կիրառվում են «ապաստան հայցող» և «փախստական» տերմինները:
«Փախստականի կարգավիճակը թույլ է տալիս, որ անձի նկատմամբ գործի չվերադարձելիության սկզբունքը: Դա միջազգային իրավունքի պարտադիր նորմ է: Իսկ ապաստան հայցում է քաղաքացի չհանդիսացող այն անձը, որը տվյալ պետությունից պաշտպանություն է խնդրում, և պետությունը որոշում է` եթե հիմքերը կան, տալիս է փախստականի կարգավիճակ, որի հիմնական նպատակն է, որ անձը գտնվի տարբեր պետությունների պաշտպանության տակ, որպեսզի նրան չվերադարձնեն իր ծագման երկիր, որտեղ երկյուղ ունի, որ իրեն կխոշտանգեն, կյանքից կզրկեն և այլն, կամ այնտեղ պատերազմական վիճակ է»,- պարզաբանում է մասնագետը:
Այդուհանդերձ, փախստականի կարգավիճակ չունենալն ու ՀՀ-ի ժամանակավոր պաշտպանության տակ գտնվելը, Արա Ղազարյանի դիտարկմամբ, չի հակասում միջազգային իրավունքի նորմերին և չի կարող սահմանափակել միջազգային ատյաններում արցախցիների իրավունքների պաշտպանությունը:
«Բովանդակային առումով այս մարդիկ բռնի տեղահանվածներ են, ովքեր երկյուղ ունեն վերադառնալ, այսինքն` դասական իմաստով նրանք փախստականներ են: Բայց, քանի որ նրանք ՀՀ քաղաքացիություն ունեն կամ կարող են ստանալ, նրանց անվտանգության ու չվերադարձելիության հարցը արդեն լուծվում է, որովհետև Հայաստանը վերցնում է նրանց իր պաշտպանության տակ: Մի՞գուցե դա միջազգային գործընթացների համար է, որ ժամանակավոր կարգավիճակ տան», - եզրակացնում է Ղազարյանը:
ՀՀ օրենսդրության մեջ «ժամանակավոր պաշտպանություն» եզրույթը հայտնվել է 2008թ-ին` առաջին անգամ կիրառվելով «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ նոր օրենքում, հետևաբար չի կիրառվել 1988-94թթ-ին Ադրբեջանից տեղահանված հայերի նկատմամբ:
Բայց այն չի կիրառվել նաև 2017-ին` Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերի նկատմամբ: Բանն այն է, որ հիշյալ օրենքը սահմանում է «ժամանակավոր պաշտպանության» կարգավիճակի տրամադրումը միայն ՀՀ սահմանակից պետությունների քաղաքացիների զանգվածային ներհոսքի դեպքում: Ընդ որում, օրենքը չի սահմանում նաև, թե ինչ է նշանակում «զանգվածային ներհոսք» եզրույթը:
Օրենքը սահմանում է, որ ժամանակավոր պաշտպանության մասին որոշումն ընդունում է ՀՀ կառավարությունը` դրանով սահմանելով նաև անհրաժեշտ պաշտպանության միջոցառումները:
Եթե հետևենք օրենքի տառին, ստացվում է, որ կառավարությունն իր ընդունած որոշմամբ Արցախը հերթական անգամ ճանաչել է «Հայաստանի Հանրապետության հարևան պետության տարածք», իսկ արցախահայերին, այդ թվում` ՀՀ անձնագիր ունեցողներին`« օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձանց խմբեր»:
Ինչ վերաբերում է միջազգային իրավունքին, այստեղ «ժամանակավոր պաշտպանություն» եզրույթը ներդրվել է 2001թ-ին ԵՄ դիրեկտիվով (կանոնակարգ) Հարավսլավիայի պատերազմներից հետո ԵՄ անդամ երկրներում փախստականների ներհոսքը կարգավորելու, նրանց ժամանակավոր պաշտպանությունն ապահովելու համար: Ընդ որում` յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշեր «ժամանակավորի» սահմանն ու աջակցության տեսակները:
Դիրեկտիվն ընդունվել էր, բայց այդպես էլ չէր կիրառվել, մինչև որ 2022թ-ին` Ուկրաինայից փախստականների ներհոսքի պատճառով ԵՄ-ում դարձյալ հիշեցին դարակում մնացած փաստաթղթի մասին:
2022թ-ի մարտի 4-ին ԵԽ-ն նոր որոշում ընդունեց, որով վերահաստատեց Ուկրաինայից տեղահանվածների զանգվածային ներհոսքի առկայությունը ԵՄ երկրներ ու տվյալ երկրների կառավարությունների կողմից նրանց ժամանակավոր պաշտպանության իրավունքը` 2001թ-ին հաստատված դիրեկտիվի հիմքով:
Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ի կառավարության նիստում ԼՂ–ից բռնի տեղահանվածները ստացան փախստականի կարգավիճակ: Ներկայացնելով որոշումը` ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվում հետևյալ անձինք` ԼՂ ռեգիստրի հաշվառումներով անցնողները, ՀՀ տարածքում կամ ՀՀ–ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ–ն և նաև այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ–ում ու 2023 թ. սեպտեմբերի 19–ից հետո հաշվառվել են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում:
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին Շիրակում 4 տոննա օգնություն է փոխանցվել ՌԴ–ից