Արցախցի ձիավորը Կոռնիձորում. ինչպես զավակներին կորցրած Ռաֆիկ Սարգսյանը պապիկ դարձավ

Ռաֆիկ Սարգսյան
60-ամյա տղամարդը 44-օրյա պատերազմում կորցրել է որդիներին, առողջությունը, զրկվել աչքից, միայն ձին է մնացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. 60-ամյա Ռաֆիկ Սարգսյանը, որի լուսանկարը տարածվել է սոցիալական ցանցերում, Ստեփանակերտից Կոռնիձոր է հասել երեք օրում: Բայց ի տարբերություն մյուս հայրենակիցների՝ նա Հայաստան է եկել ոչ թե մեքենայով, այլ իր ձիով՝ Բույանով։ Տղամարդը կատակում է. հիմա արդեն դժվար է ասել, թե ով է ում բերել։
Ճանապարհն այնքան բարդ էր, որ հասնելուց հետո Ռաֆիկն անգամ չէր կարողանում իջնել ձիուց։ Նրան օգնել, ավելի ճիշտ` բառացիորեն գրկած իջեցրել, հետո էլ իր տուն է տարել Կոռնիձորի բնակիչ Գրիգոր Ղահրամանյանը: Այդ օրվանից տղամարդը բնակություն է հաստատել նրանց ընտանիքում և դարձել ընտանիքի լիակատար անդամ։
«Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում էի ապրում, զբաղվում էի անասնապահությամբ, ունեի տուն և անհրաժեշտ ամեն ինչ, բայց միայն Բույանին վերցրի հետս։ Ես եմ նրան մեծացրել ու չկարողացա թողնել»,– Sputnik Արմենիային պատմեց Ռաֆիկը։
Չեմ տաքանում, Ղարաբաղիս տաքությունն եմ ուզում. Ասկերանից բռնագաղթած ընտանիքի պատմությունը
Տղամարդը չի հասցրել անգամ անասուններին դուրս թողնել անասնագոմից, քանի որ պետք էր շտապ լքել գյուղը: Տնից էլ ոչինչ չի վերցրել, որովհետև ամենաթանկը տանը չէր։ Կինը թաղված է Քարվաճառում (մահացել է 2014թ.), իսկ որդիները՝ Ստեփանակերտ քաղաքի եղբայրական գերեզմանում: Որդիներից մեկը 22 տարեկան էր, մյուսը` 28, միասին զոհվել են 44–օրյա պատերազմում։ Նրանց տեղափոխող մեքենայի վրա արկ է ընկել։
«Ինչ թողել եմ, էդքան չեմ փոշմանում, բայց երեխեքը որ էնտեղ են, էդ է...»,– ասում է արցախցի տղամարդը։
Ռաֆիկի համար հիմա Բույանը ոչ միայն ամենամտերիմ ընկերն է, արդեն` մարտական ընկեր, այլև թանկ մասունք, որ բերել է հայրենի հողից: Տղամարդը մտադիր չէ բաժանվել ձիուց և հոգ կտանի նրա մասին մինչև կյանքի վերջը` իր կամ նրա: Ղահրամանյաններն էլ մտադիր չեն բաց թողնել Ռաֆիկին, նրանց որդին՝ Օլեգը, այնպես է կապվել տղամարդու հետ, որ նրան պապ է անվանում։ Օլեգն այնքան է ասել, որ 60-ամյա տղամարդուն բոլորն արդեն պապիկ են կոչում։
«Մի պահ, որ մեզ հետ դեռ ընտելացած չէր, թողել, գնացել էր։ Էնքան ծանր էինք տանում, հատկապես մեր փոքր տղան` Օլեգը։ Ասում էր` վայ, պապիկս քինացել է, լաց էր լինում։ Հետաքրքրվալ ենք, պապիկին ճարալ, հետ բիրալ, ուրախությանը չափ ու սահման չկար, որ մեր պապիկին հետ ենք բերել»,– հուզմունքով ասում է Օլեգի մայրը` Մերին։
Ռաֆիկ Սարգսյանն ու Օլեգի մայրը` Մերին
44-օրյա պատերազմի ժամանակ Ռաֆիկը կորցրել է աչքն ու վիրավորվել։ Իսկ երբ Ստեփանակերտից Կոռնիձոր էր գալիս, ճանապարհին ադրբեջանցի զինվորականը մահակով հարվածներ է հասցրել պապի ոտքին, որովհետև ադրբեջանցին հայհոյել էր Ռաֆիկին, նա էլ չէր կարողացել լուռ մնալ, պատասխանել էր զինվորականին։ Նաև փորձել են խլել ձին, բայց թույլ չի տվել։ Գյուղում տղամարդուն բուժել են։ Փոքրիկ Օլեգն էլ հիմա փորձում է բուժել տղամարդու կոտրված սիրտը։
Ռաֆիկը շատ զուսպ է ու լուռ, իրեն հյուրընկալած ընտանիքին չի ուզում խանգարել տխուր պատմություններով ու ապրումներով։ Բայց երբեմն ընկղմվում է մտքերի մեջ, հիշում կատարվածը, կորցրածը։ 9-ամյա Օլեգն այդպիսի պահերին շտապում է կանչել նրան և ուրախացնել։
«Հիմա ես ձիավոր պապիկ ունեմ և շատ արկածներ կունենանք միասին»,– վստահ է Օլեգը:
Չնայած ճակատագրի բոլոր դժվարություններին ու հարվածներին՝ Ռաֆիկը չի հուսահատվում, հույս ունի, որ տուն կկկառուցի, տնտեսություն կհիմնի, անասուններ կունենա, որ և՛ իր համար զբաղմունք լինի, և՛ իրեն հյուրընկալած ընտանիքին օգնի։
Հնաբերդի դպրոցի լքված շենքում 65 արցախցի է ապրում. ինչպես են այն տաքացնելու ձմռանը` չգիտեն