Ադրբեջանի կեցվածքը առիթ է, որ ԵՄ–ն վերագնահատի նրա հետ հարաբերությունները. սրբազան հայրեր

Էջմիածին
Սրբազան հայրերը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ընթացքում կոչ են արել ԵՄ–ին ձեռնարկել ԼՂ–ի դեմ ռազմական հանցագործությունների մանրակրկիտ հետաքննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կեցվածքը պետք է առիթ հանդիսանա, որ Եվրամիությունը վերագնահատի վերջինիս հետ իր փոխհարաբերությունները։ Այս մասին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եվրոպական երկրների հայրապետական պատվիրակները և առաջնորդները ասել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդին։ Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական շտաբը։
Հանդիպումը տեղի է ունեցել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Հանդիպմանը մասնակցել են տոր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, տոր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։
«Եվրամիությունը պետք է ձեռնարկի ռազմական հանցագործությունների մանրակրկիտ հետաքննություն, ինչպես նաև միջազգային երաշխիքներ ստեղծի՝ ապահովելու տեղահանված արցախահայերի վերադարձն իրենց պատմական հայրենիք, ինչպես նաև նրանց անվտանգ կյանքն ու կենսագործունեությունը»,– ասել են նրանք։
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եվրոպական երկրների հայրապետական պատվիրակները և առաջնորդները շեշտել են, որ ժամանակն է, որպեսզի ի պատասխան ադրբեջանական իշխանությունների որդեգրած ցեղասպանական քաղաքականության և արցախահայերի հանդեպ իրականացրած էթնիկ զտումների, միջազգային հանրությունը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելու համար նրա ռազմատենչ քաղաքականության հետագա դրսևորումները:
Սրբազան հայրերն ընդգծել են, որ թեև Եվրախորհրդարանը դատապարտել է ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախում հայերի դեմ իրականացված սարսափելի հանցագործությունները, իսկ մի շարք երկրներ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները դատապարտող բանաձևեր են ընդունել, սակայն Ադրբեջանն առ այսօր անտեսում է միջազգային հանրության կոչերն ու որոշումները:
Տիկին Շմիդը վստահեցրել է, որ ԵԱՀԿ-ն և անձնապես ինքը կանեն ամեն հնարավորը՝ նպաստելու տարածաշրջանում հարատև ու արդար խաղաղության հաստատմանը, որի մեջ պետք է նկատի առնվի նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ու անվտանգ կյանքն իրենց բնօրրանում:
Գլխավոր քարտուղարը նաև հավաստիացրել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է իր աջակցությունը բերել ի նպաստ տեղահանվածների հումանիտար և հոգեբանական կարիքների հոգածության:
Հանդիպման վերջում Սրբազան հայրերը Հայ եկեղեցու Եվրոպայի բոլոր առաջնորդների անունից նամակ են փոխանցել տիկին Շմիդին, որում ամփոփված էին այն հիմնական կետերը, որոնք քննարկման նյութ են դարձել նաև հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ումԱրցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։