Ոչ բոլոր պայմանավորվածություններն են կատարվում. Գրիգորյանը` ԵԱՏՄ էներգաշուկայի մասին

Մհեր Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Հայկական կողմը պատրաստ է երկխոսության, որպեսզի չկարգավորված հարցերը շուտափույթ լուծվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի վերաբերյալ ոչ բոլոր պայմանավորվածություններն են իրականացվում ամբողջ ծավալով։ Այս մասին Բիշքեկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով` չնայած գործընթացի ողջ բարդությանը, որը ենթադրում է հաշվի առնել միության երկրների տարբեր էներգետիկ շահերը, անհրաժեշտ է հասնել սկզբունքային որոշումների։ Ըստ Գրիգորյանի` դրանց հիման վրա է պետք համաձայնեցնել ԵԱՏՄ տարածքում գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիրը։
«Այդ կոնտեքստում հայկական կողմը պատրաստ է երկխոսության, որպեսզի հնարավորինս արագ լուծվեն չկարգավորված հարցերը»,– ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` ԵԱՏՄ–ում էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկաները պետք է գործարկվեն 2025 թվականից։ Միասնական շուկաները ԵԱՏՄ երկրների միջև անդրսահմանային առևտրի ժամանակ պետք է ունենան գնագոյացման միասնական սկզբունքներ։
ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023թ. 8 ամսում 55%–ով աճել է. Գրիգորյան