ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը նպաստավոր է համարում եվրոպական հարթակում բանակցությունները։ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով Բրյուսելում սպասվող հանդիպման չեղարկմանը։
Հարցին`արդյոք այդ հանդիպման չեղարկումը նշանակում է` Արևմուտքը ձախողել է այդ գործընթացում և ուզում է զրոյացնել պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այս հարթակում և նոր առևտուր սկսել Հայաստանի հետ, իշխանական պատգամավորը պատասխանեց.
«Բրյուսելի այցը չեղարկվել է, բայց մենք հայտնել ենք մեր պատրաստակամությունը եվրոպական հարթակում հանդիպելու։ ՀՀ–ն որևէ կողմի հետ առևտրի մեջ չէ, և ոչ էլ որևէ կողն է Հայաստանի հետ առևտրի մեջ։ Մենք պատրաստակամ ենք եվրոպական հարթակում շարունակել մեր քննարկումները Ադրբեջանի հետ։ Կարևոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ եվրոպական հարթակում ոչ մեկ փուլով, մի քանի փուլերով»,–նշեց նա։
Պատգամավորը հավելեց, որ ակնկալում են, որ առաջիկայում եվրոպական գործընկերների ջանքերով հանդիպում կկազմակերպվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եվրոպական հարթակում։
Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում է նախատեսվում հոկտեմբերի վերջին Բրյուսելում։ Հոկտեմբերի 25–ին Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։