ԼՂ–ից բռնի տեղահանվածները կօգտվեն փախստականի համար նախատեսված իրավունքներից

Բռնի տեղահանվածները Սյունիքում. Արխիվային լուսանկար
ԼՂ–ից բռնի տեղահանվածները կարող են դիմել ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և 3–ամսյա ժամկետում ստանալ համապատասխան փաստաթուղթ, որը կարող են ցույց տալ այլ երկրների դեսպանատներին ու այդպիսով հնարավորություն կունենան նաև երկրից դուրս գալ, ճամփորդել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանվածները ստացան փախստականի կարգավիճակ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ներկայացնելով որոշումը` ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվում հետևյալ անձինք` ԼՂ ռեգիստրի հաշվառումներով անցնողները, ՀՀ տարածքում կամ ՀՀ–ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ–ն և նաև այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ–ում ու 2023 թ. սեպտեմբերի 19–ից հետո հաշվառվել են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։
«Այսպիսով կհստակեցվի այս մարդկանց իրավական կարգավիճակը, դրանով նաև նրանց իրավունքների և պարտականությունների շրջանակը։ Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվող անձինք օրենքի ուժով դառնում են փախստական և օգտվում են փախստականների համար օրենքով ու միջազգային կոնվենցիաներով սահմանված իրավունքներից։ Նախագծի ընդունումը հնարավորություն տա ձեռնամուխ լինել նրանց իրավունքների ու օրինական շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը»,– ընդգծեց նա։
Նախարարն ավելացրեց, որ այս մարդիկ կարող են դիմել ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և 3–ամսյա ժամկետում ստանալ համապատասխան փաստաթուղթ, որը կարող են ցույց տալ այլ երկրների դեսպանատներին ու այդպիսով հնարավորություն կունենան նաև երկրից դուրս գալ, ճամփորդել։
ՀՀ կառավարության նիստը վարող Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ այս որոշումն ընդունվելուց ու կարգավիճակը հաստատվելուց հետ ԼՂ–ից բռնի տեղահանված այն մարդիկ, որոնք կցանկանան իրենց կենսաթոշակային իրավունքը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված մեխանզիմներին, կարող են դիմել ու ստանալ ՀՀ քաղաքացիություն, ապա արագ մեխանիզմներով կառավարությունը կապահովի և կերաշխավորի նրանց կենսաթոշակների վճարումները։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր կողմից նաև ավելացրեց, որ դառնալով ՀՀ քաղաքացի` այս մարդիկ այլևս չեն կարող օգտվել փախստականի համար նախատեսված պետական աջակցության ծրագրերից։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։