ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանը պատրաստ է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու համար աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Իմ կառավարության խաղաղ հարևանության նախաձեռնության օգնությամբ մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևան և բարեկամ` Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի վերջնականապես երկարատև խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում», – ասել է Ղարիբաշվիլին` Թբիլիսիում Մետաքսի ճանապարհի համաժողովը բացելիս։
Ղարիբաշվիլին նշել է նաև, որ ուրախ է ողջունել համաժողովին մասնակցելու համար ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։
Ավելի վաղ Ղարիբաշվիլին բազմիցս առաջարկել է Թբիլիսին որպես հարթակ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցում է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին, որտեղ քիչ առաջ ելույթ ունեցավ։
Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը, մինչև 2 000 հյուրեր է սպասվում շուրջ 60 երկրից: