ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդների կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ «Արմենպրեսի» փոխանցմամբ` Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ամփոփելով Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի այցը Հայաստան։
«Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը ցանկություն է հայտնել դիտորդներ ուղարկել Հայաստան, և 2 դիտորդ կարճ ժամանակահատվածում ժամանելու են։ Հույս ունենք, որ Կանադան հետագայում նաև կընդլայնի իր այս ներդրումը»,– ասաց Հովհաննիսյանը։
Փոխնախարարի խոսքով` Կանադայի ԱԳ նախարարի այցը բավականին հագեցած էր` նախ բացվեց ՀՀ–ում Կանադայի դեսպանատունը, ինչը Հայաստանի նկատմամբ հատուկ ուշադրության նշան է։
«Այցի ընթացքում նախարարն անդրադարձել է հումանիտար աջակցության հարցերին. Կանադան եռապատկել է իր աջակցությունը, նախանշվել են համագործակցության խորացման բոլոր ճանապարհները։ Քաղաքական առումով նախարարը բազմիցս շեշտեց, որ Կանադայի համար կարևոր են ՀՀ անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը»,– մանրամասնեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Կանադայի ԱԳ նախարարի այցը Ջերմուկ նաև խորհրդանշական էր։ Ըստ փոխնախարարի` Մելանի Ժոլին դիտարկեց իրավիճակը տեղում, այժմ հանդիպում է Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների հետ, իսկ մինչ այդ դիտարկել է ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, որը տեղի էր ունեցել 2022 թ. սեպտեմբերին։
«Գաղտնիք չէ, որ Կանադան ծանրակշիռ երկիր է, որի ձայնը միջազգային կազմակերպություններում բավականին ազդեցիկ է»,– նշեց Պարույր Հովհաննիսյանը։
Նրա համոզմամբ` այս այցով Հայաստանի և Կանադայի համագործակցությունը խորացնելու համար շատ լավ նախադրյալներ ստեղծվեցին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25–ին Կանադայի ԱԳ նախարարը հանդիպել էր ՀՀ վարչապետին ու ԱԳ նախարարին։