ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը սպիտակ ֆոսֆորով զինամթերք է կիրառել Գազայի հատվածին հարվածելիս: Այս մասին ասել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Իբրահիմ Կրայշին:
«Իսրայելը սպիտակ ֆոսֆոր է կիրառել Գազայի ուղղությամբ հարվածների ժամանակ, ինչը հաստատել է նաև «Human Rights Watch»-ը», - ասել է նա ՄԱԿ-ում հավատարմագրված ACANU ասոցիացիայի լրագրողների հետ ճեպազրույցում:
«Human Rights Watch» (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը հոկտեմբերի 13-ին հայտարարել է, որ Իսրայելի բանակը Լիբանանի և Գազայի հատվածի գնդակոծության ժամանակ հոկտեմբերի 10-ին և 11-ին կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված սպիտակ ֆոսֆորով զինամթերք:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ը հաղորդագրություն չի ստացել Իսրայելի կողմից սպիտակ ֆոսֆորով ռազմամթերք օգտագործելու մասին: ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հոկտեմբերի 19-ին ասել է, որ ԱՄՆ-ն Իսրայելի կողմից Գազայում սպիտակ ֆոսֆոր կիրառելու ապացույցներ չունի:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։