Իսրայելի գնդակոծությունների պատճառով մոտ 50 իսրայելցի պատանդ է զոհվել. ՀԱՄԱՍ

ՀԱՄԱՍ-ի գերության մեջ, տարբեր հաշվարկներով, կարող էր ավելի քան 200 պատանդ գտնվել, այդ թվում՝ օտարերկրացիներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմեբրի – Sputnik. «Ալ Քասամ» բրիգադի (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թև) պաշտոնական ներկայացուցիչ Աբու Օբեյդան հայտարարել է, որ շարժման գնահատականներով` մոտ 50 իսրայելցի պատանդ է զոհվել Գազայի հատվածի գնդակոծության հետևանքով:
Իսրայելի պաշտպանության բանակը տանկերով գիշերային հարձակում է կատարել Գազայի հատվածում
Ավելի վաղ շարժումը հայտնել էր իսրայելական գնդակոծությունների հետևանքով առնվազն 21 պատանդների, այդ թվում՝ 4 օտարերկրացու մահվան մասին:
Տարբեր տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ ավելի քան 200 իսրայելցիներ են գտնվում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։