ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել Է ԱՄՆ պետքարտուղարի ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակի հետ։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ–ում ԵՄ առաքելության X-ի էջում։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
«Քննարկվել են առաքելության մանդատը և Ադրբեջանին սահմանին կից տարածքներում անվտանգային իրավիճակը»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Հակը տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
Առաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, ինչպես նաև կապի և աջակցության գրասենյակ Երևանում: