ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցել է հանրային նոր քրեական հետապնդում։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ Վիգեն Սարգսյանը մեղադրվում է նախարարության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում 2018 թվականի հունվարին դիտավորությամբ լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ կատարելու մեջ։
Արդյունքում նա էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
«Մասնավորապես՝ պաշտպանության նախարարության հաշվեկշռում ընդգրկված շենքից բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով 71 բնակարան հատկացնելու նպատակով 2018 թվականի հունվարի 18-ին հրավիրված նիստին ընդառաջ անտեսելով կառավարության որոշմամբ հաստատված կարգի պահանջները` նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին նախկին նախարարը հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված՝ իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև նախարարության համակարգի՝ զինծառայող չհանդիսացող երեք անձանց»,– ասվում է հաղորդագրությունում:
Հիմք ընդունելով հանձնարարությունը` հանձնաժողովը կայացրել է ապօրինի որոշում:
Դատախազությունը որոշել է մեղադրյալ Վիգեն Սարգսյանի նկատմամբ իրականացնել հեռակա վարույթ:
Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում մեղադրյալ Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախկին նախարարը մեղադրվում է 2018 թ.–ի հունվարին ՊՆ հաշվեկշռում գտնվող, Երևանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ:
Վիգեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել` իրեն առաջադրված մեղադրանքը համարելով քաղաքական հետապնդում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում։
Ըստ նրա` առաջադրված մեղադրանքը նաև ազդակ է ներկա իշխանությունից, որ ինքը չվերադառնա Հայաստան։