Հայկական եկեղեցին շնորհակալ է Պուտինից ու պատրիարքից ԼՂ–ում քահանաների անվտանգության համար

Ռուսաստանում պատրիարքական փոխանորդը խոսել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների` դարերով անցած միասնության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Ռուսաստանում պատրիարքական փոխանորդ Եզրաս արքեպիսկոպոսը (Ներսիսյան) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կրոնական առաջնորդների հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ երեք տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում հայ հոգևորականների անվտանգությունն ապահովելու համար:

«Օգտվելով առիթից և իմանալով հոգևոր արժեքների և սրբավայրերի նկատմամբ ձեր զգայուն վերաբերմունքի մասին՝ ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը և Աստծո պահած Ռուսաստանում բնակվող մեր բազմամիլիոնանոց հոտի անունից շնորհակալություն հայտնել Ձեզ` Վլադիմիր Վլադիմիրի, ինչպես նաև Ձեզ` ձերդ սրբություն, երեք տարվա ընթացքում մեր հոգևորականների անվտանգությունն ապահովելու և Լեռնային Ղարաբաղի տարածքում պատմական հուշարձանների ու կրոնական սրբավայրերի պահպանման հարցում», - ասել է Եզրաս արքիեպիսկոպոսը։

Նա նաև խոսել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների` դարերով անցած միասնության մասին: Արքեպիսկոպոսը դրա վկայությունն է համարել 1380 թվականի փաստաթուղթը, որը հայկական եկեղեցուն հնարավորություն է տվել կերակրել իր զավակներին ռուսական հողերում, և Կարմիր հրապարակում գտնվող Սուրբ Վասիլի Երանելու տաճարը, որի մատուռներից մեկը 1561 թվականից կրում է հայոց սրբերից մեկի` Գրիգոր Լուսավորչի անունը:
Արցախի բնակիչների ցանկությունը ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությունն է. Բեգլարյան
«Թող Բարձրյալն անխախտ պահի մեր հավատակից ժողովուրդների եղբայրության դարավոր կապերը», - եզրափակել է թեմի առաջնորդը՝ դիմելով նախագահին:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց պարտավորությունները Ղարաբաղում: Նա նաև նշել էր, որ Ռուսաստանն օգտագործել է իրավական բոլոր մեխանիզմները Ղարաբաղում հումանիտար աջակցություն ապահովելու համար։