ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը իրանցի պաշտոնակցի Ալի Բաղերի Քանիի հետ հանդիպմանը քննարկել է Անդրկովկասում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Առարկայական քննարկվել է Անդրկովկասում ընթացիկ իրավիճակը։ Ընդգծվել է տարածաշրջանում իրադրության կայունացմանն ուղղված բազմակողմ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, այդ թվում՝ հաշվի առնելով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակում նախարարական հանդիպման արդյունքները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայի հակամարտությանը վերաբերող արդիական հարցերի շուրջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 23–ին Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում է կայացել արգործնախարարների մակարդակով։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։
Առաջին հանդիպումը (կրկին առանց Վրաստանի) կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ոչ թե նախարարների, այլ փոխարտգործնախարարների մակարդակով։
Թեհրանի հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համար առաջին հնարավորությունն էր՝ քննարկելու վերջին զարգացումները։
Հոկտեմբերի 23-ին կայացած հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի միջև ոչ պաշտոնական շփում է եղել։