ԵԱՏՄ–ն դառնում է բազմաբևեռ աշխարհի ձևավորման կենտրոններից մեկը. Միշուստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը. Արխիվային լուսանկար
ԵԱՏՄ–ն գործնականում ապացուցել է իր պահանջվածությունն ու մարտահրավերների, գլոբալ խնդիրների նկատմամբ կայունությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը դառնում է բազմաբևեռ աշխարհի ձևավորման կենտրոններից մեկը։ Այս մասին Բիշքեկում նեղ կազմով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
ՌԴ վարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ–ն գործնականում ապացուցել է իր պահանջվածությունն ու մարտահրավերների, գլոբալ խնդիրների նկատմամբ կայունությունը։
«Իր գոյության ընթացքում «հնգյակի» փոխադարձ առևտուրը գրեթե կրկնակի աճել է, արդյունաբերական արտադրությունը` 20%–ով։ Լավ դինամիկա է առկա նաև այլ ցուցանիշներով։ Այդ թվում` շինարարության, գյուղարտադրանքի արտադրության, բեռնաշրջանառության, ներդրումներ հիմնական կապիտալում», – ասել է Միշուստինը։
Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրների համար կարևոր է միասին շարունակել լուծել ազգային տնտեսությունների կայուն զարգացմանն ուղղված խնդիրները` ի հեճուկս արտաքին անբարենպաստ իրավիճակի և ապահովել ապրանքների, ծառայություների, ներդրումների և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Եվ վերջապես բարձրացնել մեր քաղաքացիների կյանքի որակը։