Ազատ առևտրի համաձայնագիրը կընդլայնի Իրանի հետ լոգիստիկ կապերը․ ՀՀ փոխվարչապետ

Մեղրի, ազատ առևտրի գոտու տարածք
Մհերի Գրիգորյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները սկսել են Իրանի հետ սահմանին գտնվող մաքսակետի արդիականացման գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ազատ առևտրի համաձայնագիրը կօգնի զարգացնել Իրանի հետ տրանսպորտային կապերը։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս մասին ասել է Բիշքեկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։
«Ինչ վերաբերում է տարածաշրջանային գործընկերների հետ հարաբերություններին, ապա պետք է նշեմ, որ Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև կնքված ազատ առևտրի համաձայնագիրը կնպաստի Իրանի հետ ոչ միայն առևտրատնտեսական, այլև լոգիստիկ և տրանսպորտային կապերի ընդլայնմանը»,- ասել է Գրիգորյանը։
Նա հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ Հայաստանն աշխատում է Իրանի հետ սահմանին գտնվող Մեղրի քաղաքի մաքսակետի արդիականացման նախագծի վրա։
Ավելի վաղ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ «Մեղրի» սահմանային անցակետի արդիականացման գործընթացը կավարտվի 2026 թվականին։
Ոչ բոլոր պայմանավորվածություններն են կատարվում. Գրիգորյանը` ԵԱՏՄ էներգաշուկայի մասին