ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տանը բացվել է Արցախից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Կենտրոնը գործելու է Փարաքարի Նաիրի 42 հասցեում։
«Կենտրոնում ներկայացված են ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարարության, ԱՍՀ միասնական սոցիալական ծառայության և այլ պետական գերատեսչությունների պատուհաններ՝ տեղահանված անձանց, ըստ ոլորտային գործառույթների, ուղղորդիչ-խորհրդատվական բնույթի տեղեկատվություն տրամադրելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում:
Համանման կենտրոններ գործում են նաև մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում։ Կենտրոններն աշխատելու են երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09։00-18։00 աշխատանքային գրաֆիկով։
Հարցերի դեպքում Արցախից բռնի տեղահանվածներին հորդորում են զանգել շուրջօրյա գործող թեժ գիծ` 114 հեռախոսահամարով։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։