ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Դենիս Ֆրենսիսը Գազայի հատվածում «Ալ Ահլի» հիվանդանոցին հասցված հարվածն աներևակայելի հանցագործություն է անվանել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Թերևս ամենադրամատիկը «Ալ Ահլի» հիվանդանոցի վրա հարձակումն է, որը մի քանի հարյուր մարդու կյանք խլեց։ Դա աներևակայելի հանցագործություն է», - ասել է Ֆրենսիսը:
Միևնույն ժամանակ նա դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա` շեշտելով, որ մերժում և դատապարտում է սպանություններն ու պատանդառությունը։
«Ես դատապարտում եմ Գազայի հատվածում անմեղ քաղաքացիական անձանց վրա անխնա հարվածները և Իսրայելի կողմից կրիտիկական ենթակառուցվածքների ոչնչացման մասշտաբները», - ավելացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը:
Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի չդադարող ռմբակոծությունն ու դրա հետևանքները լուրջ մտահոգություն են առաջացնում:
Ֆրենսիսն ընդգծել է, որ բռնությունը պետք է դադարեցվի։
«Կոչ եմ անում առանց նախապայմանների ազատ արձակել պատանդներին և անհապաղ հումանիտար հրադադար հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել է», - ընդգծել է ՄԱԿ–ի ԳԱ նախագահը:
Գազայի հատվածում գտնվող «Ալ Ահլի» բապտիստական հիվանդանոցը հարձակման էր ենթարկվել հոկտեմբերի 17-ին։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ զոհվել է 471 մարդ, տուժել է ավելի քան 300-ը, նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են: Պաղեստինի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հարվածը հասցրել են իսրայելական ինքնաթիռները, իսկ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ հիվանդանոցի վրա պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման` անհաջող արձակած հրթիռը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։