ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Պենտագոնը հաստատել է, որ Իսրայելին է փոխանցելու «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգերի 2 մարտկոց, որոնք ավելի վաղ գնել է հենց Իսրայելից։ Այս մասին հայտարարել է պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։
«Ես կարող եմ հաստատել, որ ի լրումն «Երկաթե գմբեթի» հակահրթիռային համակարգերի, որոնք մենք ուղարկում ենք Իսրայել, նախատեսում ենք նաև Իսրայելին փոխանցել «Երկաթե գմբեթի» 2 համակարգ, որոնք այժմ մեր տրամադրության տակ են,- ասել է նա:
Ռայդերը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայում է ևս շուրջ 900 զինծառայող, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի օպերատորներ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։