Իհարկե, նկարիչը չափազանցնում էր՝ Պաբլո Դիեգո Խոսե Ֆրանսիսկո դը Պաուլա Խուան Նեպոսումենո Մարիա դը լոս Ռեմեդիոս Սիպրիանո դը լա Սանտիսիմա Տրինիդադ Մարտիր Պատրիսիո Ռուիս Պիկասոն, ինչպես նրան անվանում էին ըստ պաշտոնական ծննդականի, իրականում 20-րդ դարի ամենահարուստ արվեստագետներից մեկն էր։ Նրա «Երազ» կոչվող կտավն աճուրդում վաճառվել է մոտ 180 միլիոն դոլարով։ Ճիշտ է, Պիկասոն աղքատություն էլ էր տեսել ու երբ Իսպանիայից գալիս է Փարիզ, ձմռանը գոնե մի քիչ տաքանալու համար վառարանում այրում էր իր ստեղծագործությունները։
Երբ Պիկասոն, որին ժամանակին «Թայմ» ամերիկյան հանդեսն անվանել է վերջին 100 տարում ապրած լավագույն նկարիչ, արդեն համաշխարհային համբավ էր նվաճել, մի առիթով խոստովանել էր. «Իսկական նկարիչները Ռեմբրանդտն ու Ջիոտտոն են, իսկ ես ուղղակի ծաղրածու եմ։ Արդեն մանուկ ժամանակ նկարում էի Ռաֆայելի նման, բայց մի ողջ կյանք պահանջվեց, որ սովորեմ մանուկների նման նկարել»։
Մասնագետները պնդում են, որ անցած դարասկզբին Պիկասոն իսկական հեղափոխություն իրականացրեց արվեստում՝ ներմուծելով իրականությունը պատկերելու բոլորովին նոր, անսովոր ձևեր, որոնք շատերը պարզապես չէին ընդունում։ Բայց Պիկասոն իր արվեստը կտրականապես մերժողներին շատ հանգիստ էր վերաբերվում՝ փաստելով. «Սկսնակ նկարչին հասկանում է ընդամենը մի քանի հոգի, իսկ հայտնի արվեստագետին ավելի քիչ մարդ է հասկանում»։ Ավելացնեմ, որ նույնիսկ նրա առաջին կինը՝ ռուս պարուհի Օլգա Խոխլովան, մեծ վերապահումներ ուներ ամուսնու ստեղծած նոր ուղղության՝ կուբիզմի նկատմամբ։ Եվ դա հասկանալի է։
Այդ գեղեցիկ կինը, որը սիրում էր ճոխ ընդունելություններ, որոնց ժամանակ իր մասին հիացական կարծիքներ էր լսում ամենահայտնի արվեստագետներից և գործիչներից, մի անգամ տեսավ սեփական դիմանկարը, որը Պիկասոն ստեղծել էր կուբիզմի ոճով։ Պատկերացրեք, ակնկալում եք, որ ձեր ամուսինը կտավի վրա կարտահայտի ձեր հմայքը, որը շատերին է գերել, և հանկարծ հայտաբերում եք, որ հեղինակը ձեզ պատկերել է, կներե՛ք, քառակուսի գլխով։ Կուբիզմը Պիկասոն ստեղծել է իր ընկերոջ՝ Ժորժ Բրակի հետ միասին, բայց անունը Անրի Մատիսն է դրել, երբ մի անգամ նրանց ստեղծագործությունները ուշադիր զննելուց հետո ասել է. «Էս ի՞նչ քառակուսիներ եք նկարում»։
Պիկասոյի կնոջն այդ քառակուսիները բոլորովին դուր չեկան, և անախորժություններից խուսափելու համար նկարիչը կամաց-կամաց վերադարձավ ավելի ավանդական ոճին։ Բայց համատեղ կյանքն այնուամենայնիվ չստացվեց, ինչից հետո Պիկասոյի ընկերներից մեկը կատակեց. «Շատ էլ լավ եղավ, չէ՞ որ նկարիչներս մի չգրված օրենք ունենք՝ եթե քո ոճը կնոջդ դուր չի գալիս, փոխի՛ր կնոջդ»։
Չստացվեցին Պիկասոյի հարաբերությունները նաև Կոմունիստական կուսակցության հետ։ 1944 թվականին, երբ Փարիզն ազատագրվեց նացիստներից, 62-ամյա նկարիչը կոմունիստ դարձավ՝ հիմնավորելով. «Այստեղ են բոլոր մեծագույն մտածողներն ու բանաստեղծները, Դիմադրության մարտիկները, որոնց ես անչափ հարգում եմ»։ Սակայն Պիկասոյի վարքագիծը բոլորովին չէր համապատասխանում Կոմունիստական կուսակցության գլխավոր գծին, իսկ հետո նկարեց Ստալինի դիմանկարը, որը շատ վատ ընդունվեց կուսակիցների կողմից։ Ու երևի հիշելով ընկերոջ ասածը կնոջ մասին, եզրակացրեց՝ եթե քո ոճը կուսակիցներիդ դուր չի գալիս, փոխի՛ր կուսակցությունդ։
Ի դեպ, մի անգամ հերթական ցուցահանդեսում Պիկասոյին մոտեցավ ֆրանսիացի մի բժիշկ և հեգնանքով ասաց. «Քաջատեղյակ լինելով մարդու անատոմիական կառուցվածքին, կարող եմ ցավով նշել, որ ձեր նկարած մարդիկ այդ տեսակետից լուրջ հարցեր են առաջացնում»։ «Շատ հավանական է,- հակադարձեց Պիկասոն, -բայց թույլ տվեք համոզմունք հայտնել, որ իմ պատկերած մարդիկ շատ ավելի երկար կապրեն, քան ձեր պացիենտները»։
Պիկասոն հաստատ իրավացի էր, և դա հաստատում է ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերին։
Բրեդբերիի պատմվածքներից մեկի հերոսը՝ Ջորջ Սմիթը, որը պարզապես խելագարվում էր Պիկասոյի համար, ամռանը կնոջ՝ Էլիսի հետ գալիս է Ֆրանսիայի ծովափերից մեկը, որտեղ սիրում էր հանգստանալ Պիկասոն։ Ու մի օր երեկոյան լողափին տեսնում է մի մարդու, որը հասարակ փայտով ավազին ինչ-որ բան էր նկարում։ Ջորջն անմիջապես հասկանում է՝ սա իր պաշտած նկարիչն է։ Պիկասոն հեռանում է, իսկ Ջորջը սկսում է ըմբոշխնել ավազին թողած նրա զարմանահրաշ կերպարները՝ միաժամանակ փորձելով հասկանալ, թե ինչպես կարելի է պահպանել այս անգին ստեղծագործությունը։ Մտքով ինչ ասես անցնում է, նույնիսկ էքսկավատոր բերել և զգուշությամբ տեղափոխել ավազին նկարածը։ Բայց դա ժամանակ կպահանջեր, իսկ շուտով սկսվելու էր մակընթացությունը։
Ջորջը նետվում է հյուրանոց, որպեսզի վերցնի լուսանկարչական ապարատը ու գոնե ժապավենի վրա պահպանի հանճարեղ նկարչի ստեղծածը։ Ու հանկարծ լսում է ծովի խշշոցը։ Սա ի՞նչ է, հուսահատ հարցնում է կնոջը։ Եվ Էլիսը պատասխանում է. «Ինչո՞ւ ես այդքան անհանգստացած՝ սովորական մակընթացություն է»։
Առաջին հայացքից շատ տխուր վերջաբան։ Իրականում Բրեդբերիի միտքը սա է՝ եթե ստեղծագործությունը տպավորվել է գեթ մեկ մարդու հիշողության մեջ, տեղ է գտել նրա սրտում ու հոգում, ուրեմն արվեստը հավերժ է։