2023 թ. սեպտեմբերին 9000–ով ավելացել են անկանխիկ վճարման համակարգից օգտվող թոշակառուները

Կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ եղանակով հետվճարային գումարների ցուցանիշների աճը, ըստ նախարարի, պայմանավորված է նաև նրանով, որ այս համակարգին միացել են ևս երկու բանկ` «ՀայԷկոնոմը» և «Յունիբանկը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ տրամադրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` ապահովելու կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ եղանակով հետվճար տրամադրելու գործընթացի շարունակականությունը հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։
Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրով ավելի քան 2 մլրդ դրամի գործարք է արվել. նախարար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով` ծրագրի մեկնարկից հետո ամեն ամիս արձանագրվում է ցուցանիշների աճ։
«Սեպտեմբերի անկանխիկ վճարումների ընդհանուր ծավալը կազմել է 5 մլրդ 740 մլն դրամ, որից 481 մլն դրամ հետվճար է տրվել։ Շուրջ 9 հազարով ավելացել է այս համակարգից օգտվող շահառուների թիվը։ Այս պահի դրությամբ ունենք 150 հազար շահառու, իսկ մեկնարկից ի վեր ընդհանուր անկանխիկ գործարքների թիվը կազմել է շուրջ 49 մլրդ դրամ, որի դիմաց այս մեկ տարի 2 ամսվա ընթացքում տրվել է 4,1 մլրդ հետվճար»,– տեղեկացրեց Մկրտչյանը։
Ըստ նրա` այս ցուցանիշների աճը պայմանավորված է նաև նրանով, որ այս համակարգին միացել են ևս երկու բանկ` «ՀայԷկոնոմը» և «Յունիբանկը»։
Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները 2022–ի հուլիսի 1-ից սկսած ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։
Հերթեր, տեխնիկական հարցեր. էլ ի՞նչ խնդիրներ է բերել անկանխիկ գործարքների մասին օրենքը
Բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությանը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։