ՌԴ-ն ուսումնասիրում է կայունության շուրջ երկխոսությունը վերսկսելու ԱՄՆ-ի առաջարկները․ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը. Արխիվային լուսանկար
Փոխարտգործնախարարը նշել է, որ առանց Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական կուրսի փոփոխության, ռազմավարական կայունության շուրջ երկխոսությանը վերադառնալը դժվար թե հնարավոր լինի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանն ԱՄՆ-ից առաջարկներ է ստացել ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսության վերսկսման վերաբերյալ, այս պահին դրանք ուսումնասիրվում են: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Ներկայումս մենք դրանք վերլուծում ենք միջգերատեսչական ձևաչափով։ Առանձնապես նորություն չկա: Հայտնի դիրքորոշումն է, պարզապես այն ի մի է բերվել։ Մենք հանգիստ ուսումնասիրում ենք և պատշաճ պահին կպատասխանենք ամերիկացիներին։ Թե ինչ ձևով՝ դեռ վաղ է խոսել»,- ասել է նա։
Ռյաբկովի խոսքով՝ ԱՄՆ-ն առաջարկում է համակարգված հիմքի վրա դնել ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսության վարումը, «ընդ որում՝ դա անել տեղի ունեցող ամեն ինչից անկախ, մենք դրան պատրաստ չենք»:
Ռյաբկովը հավելել է, որ առանց ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ խորը արմատական թշնամական կուրսի փոփոխության, դժվար կլինի վերադառնալ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությանը, այդ թվում ռազմավարական սպառազինության կրճատման թեմային։