ՆԳ նախարարը հրահանգել է 1 ամիս արցախցի վարորդների նկատմամբ լինել մեղմ ու չտուգանել

Սեպտեմբերի 21-ից հաշվարկված մեկամսյա ժամկետում կչեղարկվեն նաև տեսանկարահանող սարքերի արձանագրած ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պարեկային ծառայությանը հրահանգել է արցախցի վարորդների նկատմամբ լինել մեղմ և վարչական արձանագրություններ չկազմել։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ Ղազարյանը նշեց, որ պարեկները պետք է բավարարվեն միայն նախազգուշացմամբ։ Խոսքը վերաբերում է սեպտեմբերի 21-ից սկսած մեկամսյա ժամկետին։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչների տրանսպորտային միջոցների վարելու հետ կապված վարչական արձանագրությունների վիճակագրական տվյալներ մենք չունենք, բայց ունենք և՛ գույքային, և՛ մարմնական վնասվածքներով պատահարների դեպքեր»,– ասաց նախարարը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին` կարող են առավել մեղմ լինել արցախցի վարորդների նկատմամբ և դիտարկել կիրառված տուգանքների չեղարկումը, կամ այլ լուծում գտնել։
Ղազարյանի խոսքով` նշված մեկամսյա ժամկետում կչեղարկվեն նաև տեսանկարահանող սարքերով արձանագրված խախտումները։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։