Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Մեծ ջանքեր կպահանջվեն ԼՂ հայերի վստահությունը վերադարձնելու համար. ՀՀ վարչապետ

Երևանը պետք է բոլոր պայմանները ստեղծի, որպեսզի ԼՂ–ի մեր հայրենակիցները կարողանան արժանապատիվ ապրել Հայաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik.Նույնիսկ եթե ԼՂ հայերը տուն վերադառնալու իրատեսական հնարավորություն ունենան, պետք է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի նրանք նման որոշում կայացնեն։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Wall Street Journal–ին տված հարցազրույցում։
Ինչպես նշել է Փաշինյանը, հաշվի առնելով ԼՂ հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումների քաղաքականությունը, հարց է առաջանում, թե որքանով նրանք կհավատան նման հնարավորությանը։ Փաշինյանը հայտարարել է, որ եթե նրանք հնարավորություն կամ ցանկություն չունենան վերադառնալու, ՀՀ–ն
կարճաժամկետ ապագայում պետք է ապահովի փախստական դարձած հայրենակիցների առաջնահերթ կարիքները, իսկ միջնաժամկետում` արժանապատիվ կյանքի հնարավորություն ստեղծի նրանց համար։
Ինչպիսին կլինի երկարաժամկետ ապագան, ըստ ՀՀ վարչապետի` կախված է նրանից, թե ինչ պայմաններ կստեղծի նրանց վերադարձի համար Ադրբեջանը, որ նախաձեռնություններին կաջակցի և ինչին կնպաստի միջազգային հանրությունը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։