ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սպանելու, խոշտանգելու վերաբերյալ տեղեկատվություն (այդ թվում՝ լուսանկարներ, տեսագրություններ, փաստաթղթեր և այլ տեսակի նյութեր) ունեցող անձինք կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ազգային, էթնիկ խմբի անդամներին սպանելու, նրանց առողջությանը ծանր վնաս կամ հոգեկան լուրջ խեղում պատճառելու, այդ թվում՝ բռնությամբ տեղահանելուն ուղղված միջոցներ իրականացնելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
«Քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են դարձվել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության շրջանում սպանությունների, խոշտանգումների, առևանգումների, զինծառայողների գերեվարումների, դաժան կամ անմարդկային վերաբերմունքի դրսևորումների բոլոր դեպքերը։ Քննության առարկա են դարձվել նաև գտնվելու վայրն անհայտ քաղաքացիական անձանց և զինծառայողների դեպքերը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նկարագրված դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ունեցող անձինք կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե` զանգահարելով 055-04-45-02, 095-26-33-28, 010-200-165 հեռախոսահամարներով։
ՀՀ քննչական կոմիտեն երաշխավորում է ստացված տեղեկատվության գաղտնիության պահպանումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։