Կանադան լիարժեք աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ ԱԳ նախարար

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին Երևանում
Մելանի Ժոլին կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին հագել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Կանադան լիարժեք աջակցում է Հայաստանի տարածքայի ամբողջականությանը։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում հայտարարեց Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին։
«Կանադան կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց ինքնիշխանությանն ու անկախությանը։Մենք հավատում ենք ձեր ժողովրդավարական նկրտումներին և պատրաստ ենք այս ուղղությամբ աշխատանքները խորացնել»,-ասաց նա։
Մելանի Ժոլին կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին հագել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։
Կանադայի ԱԳ նախարարը նաև հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունները որևէ կերպ արդարացված չեն։ Նրա խոսքով՝ Օտտավան շարունակում է աշխատել երկարաժամկետ լուծումներ գտնելու ուղղությամբ, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղության և կայունության։
ԱԳ նախարարը հավելեց, որ Կանադան կավելացնի Լեռնային Ղարաբաղի հայերի համար մարդասիրական օգնության ծավալը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Մեր տարածաշրջանը խաղաղության ապահովմանն ուղղված գործուն քայլերի կարիք ունի․ Միրզոյան