ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Իրավիճակը Հարավային Կովկասում կքննարկվի Եվրոպական խորհրդի նիստում։ Այս մասին ասված է խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ խորհրդի անդամներին ուղղված հրավերում։
Բացի այդ, կքննարկվեն Արևմտյան Աֆրիկայի Սահել տարածաշրջանում տիրող իրավիճակը` Մալի, Բուրկինա Ֆասո, Նիգեր, ինչպես նաև Բելգրադի և Պրիշտինայի երկխոսությունը (խմբ. Սերբիա և ինքնահռչակ Կոսովո) և այլ հարցեր:
Շառլ Միշելը նաև շեշտել է, որ Գազայի հատվածում հակամարտության առնչությամբ ԵՄ երկրների ղեկավարներից ակնկալում է ևս մեկ անգամ վճռականորեն դատապարտել ՀԱՄԱՍ-ի դաժան ահաբեկչական հարձակումները և ճանաչել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը:
Կարճաժամկետ հեռանկարում նախատեսվում է քննարկել հումանիտար օգնության առաքումը՝ հաշվի առնելով Գազայի հատվածում տիրող իրավիճակը, իսկ երկարաժամկետ հեռանկարում ՝ նշվում է, որ հակամարտության միակ լուծումը կարող է լինել բանակցային գործընթացը, որը հիմնված է երկու պետությունների սկզբունքի վրա:
Ուկրաինայի հարցում նախատեսվում է քննարկել ռազմական օգնության մատակարարումն արագացնելու հնարավորությունները, ինչպես նաև Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման ծրագրերը (խմբ. Կիևի կառավարությանը օգնելու համար):