Գյումրիի «չոր նավահանգստի» նախագծում հնարավոր է` ներգրավվեն կորեական ընկերություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը. Արխիվային լուսանկար
Քերոբյանը Կորեայի Հանրապետության առևտրի նախարարի հետ քննարկել է Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն կորեական կողմին առաջարկել է դիտարկել Գյումրիի «չոր նավահանգստի» նախագծում կորեական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։ Այս մասին Քերոբյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նա նշել է, որ Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունի հետ քննարկել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները։
Մասնավորապես քննարկվել են հանքարդյունաբերություն, արևային և վերականգնվող էներգետիկա, մետալուրգիա, կանաչ տնտեսություն, ինչպես նաև արդյունաբերական պարկերի կառուցում։
Բացի այդ Քերոբյանը գործընկերոջն է ներկայացրել R&D նորարարական գրասենյակների հիմնադրման համար Հայաստանում ստեղծված բարենպաստ պայմանները։
Տեղեկանալով գյուղատնտեսության ոլորտում գործող պետական աջակցության ծրագրերի մասին՝ կորեական պատվիրակության անդամները հնարավոր են համարել արդյունավետ համագործակցություն ծավալել նաև այդ ուղղությամբ։
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում «չոր նավահանգիստ» նախագիծը։ Ըստ նրա` դա լոգիստիկ ենթակառուցվածք է և արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում են իրենց արտադրությունները, և դրան զուգահեռ կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, և տարբեր տրանսպորտային միջոցներն այնտեղ դրվելով՝ տեղափոխվում են կա՛մ մոտակա նավահանգիստներ (դիտարկվում են Վրաստանի նավահանգիստները), կա՛մ ավտոտրանսպորտով, կա՛մ օդային տրանսպորտով տեղափոխվում են այլ տեղ։