Ֆրանսիան հանդես է գալիս որպես ՌԴ–ի այլընտրանք, և դա վտանգավոր է. Ջամալյանը՝ զենքի մասին

Սուրեն Պապիկայնն ու Սեբաստիան Լըկորնյուն
Փորձագետը չի բացառում, որ Հայաստանին Ռուսաստանից «պոկելու» համար Բաքվում կարող են խորամանկ քայլի գնալ և թույլ տալ, որ Վրաստանի տարածքով որոշ խմբաքանակ զենք մտնի ՀՀ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունն առանձնապես օգուտ չի բերի Հայաստանին, բայց լուրջ վնաս կհասցնի Երևանի և Մոսկվայի համագործակցությանը, քանի որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները կառուցվում են ոչ թե համադրման, այլ հակադրման սկզբունքով: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ մեկնաբանելով Փարիզում երկու երկրների պաշտպանության նախարարների բանակցությունները։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 23-ին երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր ստորագրեցին։ Լըկորնյուն հաջորդ օրը հայտարարեց, որ Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։ Նրա խոսքով` ստորագրվել է երեք GM200 ռադար ձեռք բերելու պայմանագիր և հակաօդային պաշտպանության ոլորտում «Միստրալ» հրթիռներ ձեռք բերելու հուշագիր։
Ջամալյանի խոսքով` նշեց, որ Ֆրանսիայից մատակարարվելիք զենքի ծավալներն ու քանակը էական չեն, բայց գործընթացը բավարար չափով քաղաքականացված է, և տպավորություն է ստեղծվում, որ երեք ռադարների փոխանցումը և համագործակցության այլ ատրիբուտները ՀՀ իշխանությունների կողմից ուռճացվելու են և վերածվելու են հերթական շոուի:
«Մեր հանրությանը մեծագույն պատրանք և մոլորություն է մատուցվում, թե իբր Ֆրանսիան ռազմատեխնիկական հաղորդակցության առումով կարող է փոխարինել ռազմավարական դաշնակցին։ Բայց ֆրանսիական ռազմարդյունաբերական համալիրի հզորությունը բավարար չէ, որ հոգա և՛ ուկրաինական, և՛ սեփական, և՛ Հայաստանի կարիքները»,–ասաց Ջամալյանը։
Փորձագետի խոսքով` Ադրբեջանը ցանկացած պահի կարող է նոր ագրեսիա սկսել Հայաստանի դեմ, Բաքուն և Անկարան այս օրերին լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս պայմաններում Հայաստանին հսկայական քանակությամբ սպառազինություն է պետք։ Իսկ Ֆրանսիայի հետ համաձայնագրերի իրականացումը նախ ժամանակ է պահանջում, երկրորդ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մասշտաբային մատակարարումներ չի ենթադրում։
«Արևմուտքի և մասնավորապես Ֆրանսիայի գերխնդիրը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է։ Ֆրանսիան այժմ իրեն ներկայացնում է որպես Ռուսաստանի այլընտրանք Հայաստանի համար։ Բայց դա մեծ պատրանք է։ Փարիզը լավագույն դեպքում կարող է բավարարել մեր պաշտպանական կարիքների միայն մի փոքր մասը։ Դա կարող է անել միայն Ռուսաստանը, մասամբ` նաև Իրանը», – նշեց Ջամալյանը։
Նա համաձայն չէ այն պնդումների հետ, թե Ռուսաստանն ուկրաինական հակամարտության պատճառով ի վիճակի չէ Հայաստանին զենք մատակարարել։ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի՝ Հայաստանի կարիքները հոգալու անկարողության մասին թեզն առավել շատ տարածվում է հենց իշխանամետ շրջանակների կողմից։ Իհարկե, Ռուսաստանը ռազմական գործողությունների ընթացքում հսկայական քանակությամբ զենք և զինամթերք է ծախսում, բայց միևնույն ժամանակ բազմապատկել է իր արտադրական կարողությունները ռազմական արդյունաբերությունում։
Ջամալյանը կարծում է, որ պետք է փաստերով խոսել՝ 2022 թվականի վերջին ՀԱՊԿ–ը Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն առաջարկեց (այդ մասին խոսել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը. խմբ.)։ Դա նշանակում է, որ արդեն այն ժամանակ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի արտադրական հզորությունները թույլ էին տալիս օգնություն ցուցաբերել դաշնակցին։
«Մենք հրաժարվեցինք օգնությունից ՝ կազմակերպությունից պահանջելով քաղաքական գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային։ Բայց մենք երբեք էլ ՀԱՊԿ-ից քաղաքական գնահատական չենք ակնկալել։ Պետք է ազնիվ լինել` մեզ համար ՀԱՊԿ-ը միշտ եղել է ՌԴ-ից ռազմատեխնիկական օգնություն ստանալու այլընտրանքային ձևաչափ։ Տարեսկզբին էլ մենք հրաժարվեցինք ՀԱՊԿ զորավարժությունները հայկական տարածքում անցկացնելուց։ Զորավարժությունները զենք ու տեխնիկա ստանալու լեգիտիմ միջոց են, բայց մենք դա էլ չարեցինք», -ընդգծեց փորձագետը։
Արևմուտքից Հայաստան զինտեխնիկա հասցնելու հարցում Ջամալյանը կոչ արեց չմոռանալ նաև լոգիստիկ խնդիրների մասին։ Հայաստան կարելի է զենք ներմուծել կա՛մ Իրանի, կա՛մ Վրաստանի միջոցով։ Իրանը կտրականապես չի համաձայնի իր տարածքով արևմտյան սպառազինությունների տարանցմանը, իսկ Վրաստանը գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի հզոր ճնշման տակ։
Այս դեպքում ռազմական փորձագետը չի բացառում, որ Հայաստանը Ռուսաստանից «պոկելու» համար Բաքվում կարող են խորամանկ քայլի գնալ։

«Հիմա Ադրբեջանին էլ է ձեռնտու, որ խզենք մեր կապերը Ռուսաստանի հետ, որովհետև ռեալ օգնությունը այնտեղից էր մեզ լինելու։ Որպեսզի այդ օգնությունը չլինի և հանրությունը կուլ տա այս խայծը, իրենք թույլ կտան, չեն խանգարի, որ այդ սպառազինության առաջին խմբաքանակը տեղ հասնի։ Այստեղ շոու կլինի, սելֆիներ կանեն հրապարակում, Նիկոլ Փաշինյանը կնկարվի սպառազինության կողքը։ Եվ եթե այդ շոուից հետո ռազմական գործողությունները վերսկսվեն, թուրքերը չեն թողնի, որ երկրորդ–երրորդ խմբաքանակը Վրաստանի տարածքով գա, տեղ հասնի»,– նշեց նա։

Ջամալյանի կարծիքով` Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցությունը պետք է կառուցվեր դաշնակցի հետ արդեն գոյություն ունեցող սերտ փոխգործակցության համադրմամբ։ Դա միանգամայն խելամիտ և օգտակար սցենար կլիներ: Բայց Հայաստանում սկսված հակառուսական արշավի պայմաններում Երևանի ներկայիս քաղաքականությունը լիովին վնասաբեր է։
Ինչպես արդեն նշեցինք, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում հեռանկարային գործընկեր կարող է դառնալ նաև Իրանը, որը զգալի հաջողությունների է հասել անօդաչու ավիացիայի, հրթիռային սպառազինության ստեղծման գործում: Բայց Հայաստանի իշխանությունները չեն գնա Իրանի հետ համագործակցության, և, ինչպես կարծում է Ջամալյանը, նրանց դա թույլ չեն տա առաջին հերթին արևմտյան «տերերը»։