ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Վարդանանց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է գլուխը պոլիէթիլենային տոպրակով փակված կնոջ դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Այսօր՝ ժամը 10․35-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից, որ Վարդանանց փողոցի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին ու տան դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,-գրում է կայքը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը, ապա փակ պատշգամբիմահճակալի տակ հայտնաբերել են նույն տան բնակիչ, 66-ամյա կնոջ դին։
Կայքի տեղեկություններով՝ կնոջ գլուխը եղել է պոլիէթիլենային տոպրակով փակված։
Կնոջ մոտ հայտնաբերել են նամակ, որում նա հայտնել է, որ ինքասպանություն է գործել ու խնդրում է իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։